Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ իրավապահները ժամանել են դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մեկնել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։
Ոստիկանները այնուհետեև մեկնել են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվել է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոլվացման կետում հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ: Պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն:
Վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։