Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ (65 ձայնով) որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա COP17 համաժողովն  անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Այս մեծ ձեռքբերումн ինչ-որ առումով ստվերում մնաց Հայաստանի մեդիաշրջանակներում, մինչդեռ այն կարևոր և հզոր քայլ էր՝ Հայաստանը աշխարհին ներկայացնելու առումով, որի գործում մեծ ներդրում ունեցան Հայաստանի պետական կառույցները, մասնավորապես ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները։

COP17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար։

Այս կարևոր իրադարձությունը փաստում է, որ Հայաստանն այսօր աշխարհում ոչ միայն խնդրողի դերում է, այլև պատրաստ է կիսել գլոբալ աշխարհի խնդիրներն ու լուծումներ առաջարկել։

Հայաստանը դանդաղ, շատերի համար գուցե աննկատելի, բայց վերականգնում է իր հեղինակությունը աշխարհում։ Շնորհիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերի՝ մեր երկիրն այսօր կարողանում է համաշխարհային կարևոր հարթակներում նոր նվաճումներ արձանագրել։ Նվաճումներ, որոնք նպաստում են ՀՀ վարկանիշի բարձրացմանը, նպաստում են Հայաստանի ճանաչելիությանը։

Հաճախ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերը արտերկիր՝ Հայաստանում բուռն քննադատության են արժանանում։ Շատ դեպքերում նմանատիպ այցերը փորձ է արվում ներկայացնել ընդամենը որպես արարողակարգային, մինչդեռ իրականում այդ արարողակարգային այցերի շրջանակներում լուծվում են Հայաստանի համար չափազանց կարևոր հարցեր։ 

Ի դեպ, 2026 թվականին «COP17» հյուրընկալելու մրցակցային ընտրության արդյունքում, որին 198 երկրից մասնակցել են 131-ը, Հայաստանը ստացել է 65 ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, որն էլ բավարար է եղել հաղթող ճանաչվելու համար:

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստում Հայաստանի ձեռք բերված հաջողությունը  հերթական անգամ փաստում է, որ կարևորը աշխատանքն է, այն աշխատանքը, որն իրականացվում է լուռ, առանց պաթոսի և որի արդյունքից շահում է ամբողջ պետությունը, շահում է իրական Հայաստանը։ 

Աղբյուրը՝ zarkerak.am

547