Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի․ մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով:
Նրա կազմակերպած հանրային արշավները, իրականացվող ծրագրերը վերափոխել ու վերափոխում են հազարավոր երեխաների կյանքեր՝ նրանց վերադարձնելով դպրոց և օգնելով զարգացնել իրենց հմտությունները:
Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը 103 երկրում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։