Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի պետբյուջեի ծրագրում կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն դրամ՝ նախատեսված 10 ծրագրի իրականացման համար: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ռազմավարությանը, նա նշեց՝ այս պահի դրությամբ այն դեռ չի հաստատվել: 

«Ակտիվ քննարկումների փուլում է»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և դրանք ՀՀ մարզերում տարածել 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ սկսած Գորիսից մինչև Ջերմուկ, Ապարանից Գյումրի և Դիլիջան:

«Այսինքն՝ այս ամբողջ գումարները ծախսվելու են մարզերում, և ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր»,- հայտնեց Պապոյանը: 

Նախարարը բերեց Մարմաշեն վանական համալիրի օրինակը, նկատեց՝ մի քանի տարի առաջ այնտեղ հնարավոր չէր հասնել մեքենայով: Ներկայումս ասֆալտապատված է վանական համալիր տանող ճանապարհը, դրա շրջակայքում ստեղծվել է ճեմուղի, առանձնացված վայրեր են ստեղծվել մանր բիզնեսի համար: 

«Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության ժառանգության հետ, դա էլ՝ լավ ժամանակ անցկացնելու միջավայրի հետ: Սա է լինելու մեր ռազմավարության առանցքը, և հիմա ռազմավարությունը հարմարեցնում ենք այդ տրամաբանությանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: 

194