Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադառնալով հայկական գինուն՝ Բորդոյի օրինակը բերեց 

«Ես 97 թվականին Բորդոյում եմ եղել, որտեղ հասարակական կազմակերպությունները, ՏԻՄ-ը և նախարարությունը վերահսկում էին, որ հանկարծ այլ տեղից խաղող չգա Բորդո, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Մենք պետք է ապագայում Արենիում շատ լուրջ վերահսկողություն դնենք, որ հանկարծ Արենիի տարածքում և գործարաններում այլ տեղից խաղող չգա»։

Բացի այդ, Սուքիասյանը հարցով դիմեց Գևորգ Պապոյանին․ «Իհարկե, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մեր ցանկացած արտադրանքի որակը բարձրացվի, բերվի միջազգային ստանդարտների, որից հնարավոր է ինչ-որ հատված գնում է դեպի Եվրոպա։ Խորքային հարցս այն է, որ եթե Թուրքիայի ճանապարհը բացվի, արդյոք դուք ունեք արտադրանքների այն սեգմենտը, որ, ասենք, տրանսպորտային ծախսերի նվազման դեպքում ինքնարժեքն ինչքան կլինի։

Նկատի ունեմ՝ դուք ունեք այդպիսի մի ցանկ, այդպիսի վերլուծություն, որ ապագայում ասվի, որ 200-300 տիպի արտադրանք հնարավոր է ավելի մրցունակ դառնան, եթե ճանապարհը բացվի։ Քանի կմ ճանապարհ կկրճատվի, ինչ արագությամբ մեր մեքենաները կհասնեն, տրանսպորտային կազմակերպությունների հնարավորությունները ինչ աստիճանի կօգտագործվեն։ Սա կուզեի լսել, որ հասկանանք, թե էլ ինչ ունենք անելու, որովհետև ստանդարտների համար ամեն ժամ աշխատելու եք, որովհետև տեխնոլոգիաներ են փոխվում, որպեսզի բերենք այն ստանդարտներին, որ եվրոպացիներն ունեն։

Մենք պետք է մրցունակ արտադրանք ունենանք, ապրանքի արագ հասնելու համար մեր տրանսպորտային ծախսերի առումով, և թե որոնք են  այդ ապրանքները, որ մեր հասարակությունն էլ իմանա, այդ ուղղությամբ աշխատանքներ տանի, պետական մարմինները այդ աշխատանքները անեն, որ մարդիկ հասկանան, թե ապագայում ինչ մեծ հնարավորություններ են բացվում»,- նշեց Սուքիասյանը։

Նա նաև փորձեց ճշտել, թե այն տուրիստը, որ ՀՀ է մտնում  23։30-ին և հեռանում երկրից 00։40-ին, ինչ կարգավիճակ ունի։ Սուքիասյանը նաև շեշտեց, որ ցանկացած ապրանք, որը հայկական բրենդ է դառնում, պետք է մարդիկ տեսնեն ու սովորեն դրան։

1533