Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աֆրիկյան ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, սակայն հեռանկարային ուղղություններից է: Հայաստանը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և ընդլայնման տեսանկյունից: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Կոտ դ’Իվուարի Հանրապետության խորհրդարանի հետազոտությունների, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալբեր Ֆլինդեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալխաս Ղազարյանը, հանձնաժողովի անդամ Ռուզաննա Երեմյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Միքայել Խաչատրյանը և Ահարոն Սահակյանը։

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու, խորհրդարանական կապերն ամրապնդելու և գործնական համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Նա ընդգծել է, որ Անդրսահարյան Աֆրիկայում (Ադիս Աբեբա) Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարևոր քայլ էր աֆրիկյան ուղղությամբ երկկողմ կապերի հետևողական ակտիվացման և համագործակցության խորացման գործում: ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը փաստել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թվականին։ Նա հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա միջխորհրդարանական ակտիվ համագործակցության մեկնարկի համար:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը բաց է բարեկամական համագործակցության համար և հույս հայտնել, որ միջխորհրդարանական կապերը կստանան նոր լիցք ու կզարգանան առավել արդյունավետ։

Ալբեր Ֆլինդեն տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։ Հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակի, իրականացված աշխատանքների պատշաճ ընթացքի և արդյունավետության առնչությամբ: Ընդգծվել է, որ բարեկամության ամուր հիմքերի վրա կառուցվող հարաբերությունները խոստումնալից են և կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կրթական բնագավառում համագործակցության ընդլայնման շուրջ: Ընդգծվել է փոխգործակցության չիրացված մեծ ներուժը շարունակաբար զարգացնելու և կյանքի կոչելու կարևորությունը:

77