Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինելու է 2026 թվականին որդեգրված քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով։ Դրանք, մասնավորապես, պայմանավորված են լինելու ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր անվանմամբ, ինչպես նաև դրան համապատասխան՝ գերատեսչության մանդատի ընդլայնմամբ և գործունեության առաջնահերթությունների վերանայմամբ։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում։

Նախարարի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին առաջնային ուշադրությունը կլինի մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։

«Ընդհանուր առմամբ, եթե բնութագրենք, ՀՀ-ի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը»,- ասաց Միրզոյանը՝ այդ համատեքստում ընդգծելով՝ մեր ուշադրության կենտրոնում լինելու են մեր չորս անմիջական հարևանները։

«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը ձեր օգնությամբ, և մինչ սրա՝ ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք, իհարկե, շարունակելու ենք Ադրբեջանի հետ խաղաղությունից բխող և խաղաղությունն է՛լ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար։

Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերում հետզհետե նույնը կլինի՝ ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքը անցման համար»,- նշեց նախարարը։

122