Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով է հանդես եկել «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ։

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ։

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ պաշտոնյաներ,

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչնե՛ր,

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր,

Անհայտ կորած անձանց սիրելի՛ հարազատներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով անցկացվող միջազգային այս համաժողովին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր գործընկերներին և, կներեք, հատկապես միջազգային այն կառույցների ներկայացուցիչներին, փորձագետներին, ովքեր այս ոլորտում, այս հարցերի առնչությամբ ունեն ահռելի կուտակված փորձ, տարիների աշխատանք, գիտելիքներ, և շնորհակալություն եմ հայտնում նրանց մասնակցության համար։ Եվ, իհարկե, հատկապես և առաջին հերթին, երբ խոսում ենք այս մասին, բոլորս էլ նկատի ունենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, և նաև վերջին տարիներին նրանց ցուցաբերած պատրաստակամության և ջանքերի համար եմ ուզում շնորհակալություն հայտնել։

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, այս քննարկումները մեզ հնարավորություն կտան անդրադառնալ հարցին վերաբերող իրավական, մեթոդական կողմերին, քաղաքական, արտաքին քաղաքական նրբություններին։ Բայց առաջին հերթին և՛ մասնագիտական, և՛, եթե կուզեք, գիտական քննարկումներից զատ, ուզում եմ ասել, որ ինձ համար այս քննարկումները, այս համաժողովը նաև մեկ այլ նշանակություն ունեն։ Ես կարծում եմ, որ գուցե նույնիսկ այդ քննարկումներից առաջ այս համաժողովը պետք է դառնա համերաշխության մի հարթակ, մի տեղ, որտեղ կարող ենք անկեղծ, սրտացավ քննարկումների արդյունքում նաև հարցի հոգեբանական կողմին անդրադառնալ և այստեղ ևս որոշակի լուծումներ գտնել։

Իհարկե, ոչ մի խոսք, ոչ մի ելույթ, որքան էլ այն սրտացավ լինի և անկեղծ, չի կարող մեղմել անհայտ կորած մարդու ընտանիքի անդամների ցավը, մտահոգությունները, ոչ մի ելույթ չի կարող փոխարինել այն պատասխաններին, որոնք այս մարդիկ իրականում ակնկալում են և ակնկալում են կառավարությունից, տվյալ դեպքում՝ մեզնից։ Սակայն մենք ցանկանում ենք, որ ուղերձ լինի նաև այս համաժողովը, ուղերձ բոլորին, ուղերձ անհայտ կորած մարդկանց, անհայտ ճակատագիր ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Մենք ցանկանում ենք, որ այդ ուղերձը լինի հետևյալը․ նրանք մոռացված չեն, ոչ ոք մոռացված չէ, և այս հարցերը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և այս հարցերն անպայմանորեն եղել են և՛ նախկինում, և՛ մինչ օրս մեր անելիքների՝ առաջնային անելիքների ցանկում, և վաղը ևս շարունակելու են մնալ մեր առաջնային անելիքների ցանկում։

Հարգելի՛ գործընկերներ,

Զինված հակամարտության հետևանքով անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրը պահանջում է համապարփակ, համակարգված և շարունակական արձագանք։ Արդյունավետ գործողությունները նախևառաջ պայմանավորված են հակամարտության կողմերի միջև համագործակցությամբ, այդ թվում՝ համապատասխան տեղեկության փոխանակմամբ, որոնողական աշխատանքների իրականացմամբ, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանմամբ։

Նման ջանքերի հիմքում պետք է լինեն միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու նպատակով բոլոր իրագործելի միջոցները ձեռնարկելու պարտավորությունը, ինչպես նաև այդ անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագիրն իմանալու իրավունքը։

Հայաստանի համար սա նշանակում է բոլոր հասանելի հարթակների, մեխանիզմների և մանդատների օգտագործում, որոնք կարող են նպաստել անհայտ կորած, ինչպես նաև բռնի անհետացման ենթարկված անձանց ճակատագրի և գտնվելու վայրի բացահայտմանը։ Հետևաբար, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների խնդրանքով ձևավորված այս հարթակը ևս միտված է լինելու երկխոսության և համագործակցության խթանմանը, ինչպես նաև այս հարցերի հետ կապված խնդիրների հասցեագրմանը։

Հայաստանը՝ որպես միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար փաստաթղթերը վավերացրած պետություն, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաների բոլոր լրացուցիչ արձանագրությունների և ՄԱԿ-ի՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի մասնակից, պատրաստակամ է աջակցել միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։ Մասնավորապես, նման քայլերից է Հայաստանի աջակցությունը «Միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ քաղաքական հանձնառության խթանման գլոբալ նախաձեռնությանը», որի նպատակն է ամրապնդել միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքը և նպաստել դրա պահպանմանը։

Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած, այդ թվում՝ 1990-ական թթ., 2020 թ. և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։ Հայաստանը մշտապես պատրաստակամություն է հայտնել համագործակցելու նրանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, այդ թվում՝ որոնողական և նույնականացման աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Հարգելի՛ ներկաներ,

Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի նաև ազգային կարողությունների զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, իրավակիրառ պրակտիկայի ամրապնդմանը և գործնական քայլերի արդյունավետ իրականացմանը։

Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել է մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ այս տարվա մայիսից ուժի մեջ է մտել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը։ Այն արտահայտում է պետության հանձնառությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու համար։

Հայաստանում գործում է գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության մանրամասները, աշխատանքային մեխանիզմները և արձանագրված արդյունքները մեր գործընկերների կողմից կներկայացվեն վաղվա քննարկման ընթացքում։

Զուգահեռաբար մենք պետք է շարունակենք ամրապնդել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, խթանել տվյալների շտեմարանների և նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը և իրավական ու էթիկական պահանջների պահպանումը։

Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, մասնավորապես՝ փորձի փոխանակման և Հայաստանի մասնագետների գիտելիքների ու կարողությունների զարգացման ուղղությամբ։

Եվ, իհարկե, ինչպես ՀՀ վարչապետը, այնպես էլ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեցին իրենց խոսքում, այս առումով թեմայի համար առաջնային կարևորություն ունեն նաև մեր համապատասխան մարմինների սերտ համագործակցությունը Ադրբեջանի համապատասխան մարմինների և ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև նրանց համագործակցությունը մեր պետական ինստիտուտների հետ՝ Ադրբեջանում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Վերադառնալով նաև խնդրի այն ասպեկտին, որին ելույթիս սկզբում անդրադարձա՝ նշեմ, որ մեր ջանքերը չպետք է սահմանափակվեն միայն պատասխանների որոնմամբ։ Թեև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզումը շարունակում է մնալ մեր առաջնահերթ նպատակը, մենք պետք է նաև պատշաճ ուշադրություն դարձնենք նրանց ընտանիքների կրած հոգեբանական, սոցիալական ու տնտեսական հետևանքներին։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սլովենիայի կառավարությանը՝ անհայտ կորած անձանց ընտանիքների համար սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերին շարունակաբար ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։ Այս ծրագրերը նպաստում են ընտանիքների համար մասնագիտական հոգեբանական աջակցության հասանելիությանը և օգնում են մեղմել երկարատև անորոշության հետևանքները։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Նրանցից յուրաքանչյուրն իր մանդատի և պատասխանատվության շրջանակում նշանակալի ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ անհայտ կորած անձանց հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքներում՝ տարբեր ուղղություններով։

Եկեք օգտագործենք այս համաժողովը՝ մեր գործընկերություններն ամրապնդելու, մեր համատեղ պատասխանատվությունը վերահաստատելու և անհայտ կորած անձանց ու բռնի անհետացումների հարցերով միջազգային համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ»։

216