Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Բանկի շարունակական աջակցությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը, սահմանային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, ջրամբարաշինությանը, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր։

Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագիրը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել մինչև 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ՝ բաղկացած 2 տրանշներից։ Ծրագիրը նպատակ ունի արդիականացնել սահմանային անցակետերի ենթակառուցվածքները, ներդնել սահմանային վերահսկողության ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև ստեղծել նոր մաքսային լաբորատորիա՝ նպաստելով սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացմանն ու մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

76