Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Լույս է տեսել Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն և Ջեմմին անտառային արկածներ» մանկական պատկերագիրքը։ Օրերս տեղի ունեցավ կոկորդիլոսի և զեբրի անհավանական ընկերության ու արկածների մասին պատմող գրքի շնորհանդեսը։

 

«Դեմբոն ու Ջեմմին» ընկերության մասին յուրօրինակ պատմություն է։ Այն երեխաներին կօգնի հասկանալ և զարգացնել մի շարք հմտություններ, ինչպիսիք են՝ գործակցությունը, բարությունը, վստահությունը և փոխօգնությունը։ Գիրքը սովորեցնում է՝ ինչպես է պետք ճիշտ հարաբերություններ կառուցել՝ խուսափելով տարաձայնություններից, ինչպես է պետք վարվել հիասթափությունների և դժվարությունների ժամանակ: Հեքիաթը սովորեցնում է, թե որքան կարևոր է լինել հուսալի և աջակցող ընկեր, ինչպես նաև գնահատել այդ հատկություններն ուրիշների մեջ, ցույց է տալիս, թե երեխաների փոխհարաբերություններն ինչպես են ձևավորում իրենց ինքնությունը, ինչպես է ընկերությունն օգնում նրանց ընդունելու սեփական անձը և ինքնավստահ դառնալու։

 

«Այս հրատարակությունը, ինչպես նաև պատկերագրքերն առհասարակ, ժամանակակից մանկական գրականության բազմազանության մեջ հիմնարար գրքեր են, որոնք պատրաստում են ապագա ընթերցողների։ Այս գրքերի նպատակները շատ բազմազան են, բայց քանի որ առաջին հերթին ուղղված են երեքից ութ տարեկաններին, ապա կարևոր դեր են խաղում երեխաների սոցիալական ու հուզական զարգացման գործում»,- ասում է գրքի խմբագիր, գրող Արմեն Սարգսյանը։

 

Հեքիաթն ինտերակտիվ է գիրքն ընթերցող երեխան պետք է գուշակի, թե հերոսներն ինչպես կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրը: Գրքում կան նաև խաղային հանձնարարություններ, որոնք հեքիաթի ընթերցումն առավել հետաքրքիր են դարձնում։

 

«Տարիներ առաջ շատ հաճախ ես էի քնեցնում քրոջս 2 տարեկան տղային, ով պահանջում էր հեքիաթ պատմել: Ես պատմում էի կոկորդիլոսի և զեբրի մասին, իսկ փոքրիկն իր կողմից տեսարաններ էր ավելացնում: Եվ այսպես ամեն անգամ նա նույն հեքիաթն էր պահանջում, բայց ամեն անգամ հեքիաթը նոր գույներ էր ստանում, նոր արկածներ էին ավելանում: Հետագայում այս հեքիաթը լսեցին նաև իմ երեխաները և շատ սիրեցին։ Դրանից հետո այն գրքի տեսքով ձեռքիս ունենալը դարձավ երազանք»,- այսպես է գրքի հեղինակը պատմում դրա ստեղծման նախապատմությունը:

 

«Ջեմմին և Դեմբոն» ոչ միայն հետաքրքիր է ընթերցանության տեսակետից, այլև կարևոր գործիք է երեխաների սոցիալական զարգացմամբ զբաղվող ուսուցիչների և հոգեբանների համար, քանի որ դրանում ներկայացված են սոցիալական հարաբերությունների տարբեր շերտեր, ինչը կօգնի երեխաներին ավելի հեշտ հարմարվել միջավայրին։

308