Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն և Ջեմմին․ անտառային արկածներ» հեքիաթի շնորհանդեսից մեկ տարի անց այն թատերական ներկայացման տեսքով արդեն բեմին է։

Փոքրիկ ընթերցողների ջերմ գնահատականներին արժանանալուց հետո կոկորդիլոսի և զեբրի անհավանական ընկերության ու արկածների մասին պատմող հեքիաթը ներառվել է նաև «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի խաղացանկում:

Այս յուրօրինակ պատմությունը սովորեցնում է՝ ինչպես է պետք ճիշտ հարաբերություններ կառուցել՝ խուսափելով տարաձայնություններից, ինչպես է պետք վարվել հիասթափությունների և դժվարությունների ժամանակ, թե որքան կարևոր է լինել հուսալի և աջակցող ընկեր, ինչպես նաև գնահատել այդ հատկություններն ուրիշների մեջ, ցույց է տալիս, թե երեխաների փոխհարաբերություններն ինչպես են ձևավորում իրենց ինքնությունը, ինչպես է ընկերությունն օգնում նրանց ընդունելու սեփական անձը և ինքնավստահ դառնալու։

«Մի օր մեր ելույթներից մեկի ավարտից հետո մեզ մոտեցավ մեր հանդիսական մայրիկներից մեկը՝ Շուշանիկը՝ անակնկալով։ Ցույց տվեց իր հրատարակած գիրքն ու նվիրեց այն մեզ։ Գրքի նկարազարդումն այնքան գունեղ է և գրավիչ, որ ստիպեց տուն հասնելուն պես անմիջապես ծանոթանալ պատմությանը։ Շատ պատմություններ կան, որ կարդում ես, սիրելի են դառնում, հարազատ, շարժում են հետաքրքրությունդ, բայց բեմադրություն դառնալու ճանապարհը շատ բարդ է տրվում։ Իսկ «Դեմբոն ու Ջեմմին»՝ բոլորովին հակառակը։ Հենց կարդալու առաջին նախադասությունից աչքիս առաջ հայտնվեցին դեկորները, տիկնիկները, թե ինչպես պետք է զարգանան իրադարձությունները։ Կարդում էի փղիկների մասին, ու աչքիս առաջ էին հայտնվում փղիկների կերպարներն առած երեխաները, հետո՝ ընձուղտիկները, կենգուրուները։ Զեբրիկի բնավորությանը ծանոթանալիս աչքիս առաջ Հակոբն էր, հետո ինձ տեսա կոկորդիլոսի մեջ. ահա և դերաբաշխումը։ Կարելի է ասել՝ հեքիաթը կարդացի և նույն պահին նաև տեսա ներկայացումը»,– ասում է «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Անի Ամսեյանը։

«Հեքիաթերենի» խաղացանկում առանձնահատուկ տեղ ունեն ժամանակակից հայ մանկագիրների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված բեմադրությունները։ Դրանք պատմություններ են, որոնք խոսում են այսօրվա երեխայի լեզվով, շնչում են մեր ժամանակի ռիթմով և բարձրացնում են կարևոր ու արդիական հարցեր։

«Երբ տարիներ առաջ պատմում էի այս հեքիաթը մի փոքրիկի, մտքովս էլ չէր անցնի, որ այն մի օր կդառնա պատկերազարդ գիրք, առավել ևս՝ տիկնիկային ներկայացում։ Հենց հեքիաթի նկատմամբ երեխաների սերն ինձ բերեց այն որոշմանը, որ այն պետք է տպագրվի։ Իսկ տիկնիկային ներկայացումը կարծես ամբողջովին կենդանացրեց հեքիաթը։ Ե՛վ գիրքը նկարազարդողի, և՛ տիկնիկագործի, և «Հեքիաթերենի» շնորհիվ է, որ հեքիաթն այսքան սիրվեց երեխաների կողմից»,– ասում է հեքիաթի հեղինակ Շուշանիկ Գրիգորյանը։

«Դեմբոն ու Ջեմմին» հեքիաթը մի շարք կարևոր ուղերձներ ունի, բայց «Հեքիաթերենը» շեշտը դրել է շնորհակալ լինելու, ներողամիտ լինելու, ընկերոջը օգնության հասնելու, դժվար իրավիճակում միայնակ չթողնելու, ազատ լինելու, բայց նաև այդ ազատությամբ ուրիշներին չվնասելու գաղափարների վրա։

Հեքիաթը ևս ինտերակտիվ է․ գիրքն ընթերցող երեխան պետք է գուշակի, թե հերոսներն ինչպես կարող են լուծել իրենց առջև դրված խնդիրը: Գրքում կան նաև խաղային հանձնարություններ, որոնք հեքիաթի ընթերցումն առավել հետաքրքիր են դարձնում։

«Ջեմմին և Դեմբոն», սակայն, հետաքրքիր է ոչ միայն ընթերցանության ու ներկայացման դիտման տեսակետից, այլև կարևոր գործիք է երեխաների սոցիալական զարգացմամբ զբաղվող ուսուցիչների և հոգեբանների համար, քանի որ դրանում ներկայացված են սոցիալական հարաբերությունների տարբեր շերտեր։

Գիրքը նկարազարդել է Հարություն Թումաղյանը, խմբագիրն է Արմեն Սարգսյանը։
 

958