Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Վաշինգտոնյան գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը և ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրված Համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրումը վերջ են դրել տարածաշրջանային հակամարտությանը և ամրագրել խաղաղությունը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում ունեցած ներդրման համար, իսկ Թրամփը բարձր է գնահատել Ալիևի դերը խաղաղության գործընթացում։

Որպես դրական տեղաշարժ՝ նշվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և երկու երկրների միջև առևտրային կապերի մեկնարկը։ Կողմերը կարևորել են TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապերի համատեքստում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի տարածքում նախագծի շուրջ աշխատանքները շուտով կմեկնարկեն, մինչդեռ Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը մոտենում է ավարտին։ Գոհունակությամբ ընդգծվել է նաև, որ անցած մեկ տարում տարածաշրջանում ապահովվել է կայունություն, և խաղաղությանը սպառնացող միջադեպեր չեն գրանցվել։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը գնահատվել է որպես պատմական իրադարձություն, որը հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի և նպաստում խաղաղությանն ավելի լայն տարածաշրջանում։ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար՝ դա որակելով որպես բարյացակամ վերաբերմունքի դրսևորում։ Համոզմունք է հայտնվել, որ ռազմավարական գործընկերությունը հետայսու ևս հաջողությամբ կզարգանա։

204