Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի ոստիկանությունը հրապարակել է այն սպառնալիքների մանրամասները, որոնց իրենք և Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) բախվել են աշխարհի 2026 թվականի ֆուտբոլի առաջնության ընթացքում։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ստացված սպառնալիքների քանակով «ռեկորդակիրը» եղել է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինա — Հորդանան (3-1) խմբային փուլի հանդիպումից առաջ մի տղամարդ զանգահարել է Դալասի օդանավակայան և «սպառնացել գրոհել մարզադաշտը ևս երկու անձի հետ, որոնք զինված են ինքնաշեն ռումբերով և հրացաններով՝ հատուկ շեշտելով Մեսսիի անունը՝ նրան սպանելու նպատակով»։

Մեսսիի հասցեին սպառնալիքները կրկնվել են նաև 1/8 եզրափակիչի՝ Եգիպտոսի դեմ խաղից (3-2) առաջ։

«Ես պատրաստվում եմ ներխուժել Ատլանտայի մարզադաշտ և պայթեցնել Մեսսիին իմ մարմնին ամրացված չորս ռումբով»,- սոցիալական ցանցերում գրել է մի տղամարդ։

Բացի այդ, ահազանգ է ստացվել, որ մարզադաշտի աղբամաններում երեք ռումբ է թաքցված, սակայն շների ներգրավմամբ իրականացված խուզարկությունը ցույց է տվել, որ ահազանգը կեղծ էր։

Սպառնալիքները չեն շրջանցել նաև Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։ Հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր Պորտուգալիայի ընտրանին, նկատվել է «կասկածելի մի տղամարդ», որը մանրամասն տեղեկություններ է պահանջել Ռոնալդուի գտնվելու վայրի մասին։ Այս մասին ՀԴԲ-ն տեղեկացրել է ՖԻՖԱ-ին, իսկ երկու օր անց այդ տղամարդը Հյուսթոնի ոստիկանության կողմից ձերբակալվել է նույն հյուրանոցում։ Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Տորոնտոյում. մեկ այլ տղամարդ փորձել է մտնել այն վերելակը, որում այդ պահին գտնվել է պորտուգալացին։

Անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել նաև մրցավարները։ Արգենտինա — Եգիպտոս հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն մեսենջերներից մեկում ավելի քան 6000 սպառնալիք է ստացել։ Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև այդ խաղի VAR-ի մրցավար Վիլի Դելաժոն։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Ֆրանսիայում խստացրել են նրանց տների և ընտանիքների անվտանգության պահպանման միջոցառումները։

91