Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով։
Սակայն, ինչպես հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից, իրականում հանցագործները այս սխեմայի միջոցով փորձում են տիրանալ քաղաքացիների «Telegram» հաշիվներին՝ զրկելով նրանց հետագա հասանելիությունից։ Զավթված հաշիվները կարող են օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաներ կիրառելու նպատակով։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով, չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները և չտրամադրել «Telegram»-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։ Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը խորհուրդ է տրվում ստուգել բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։
Քաղաքացիներին կոչ է արվում չվստահել անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանել իրենց հաշիվների անվտանգությունը։