Բուենոս Այրեսի կենտրոնի հիմնադրումը կարևոր նշաձող է Թումոյի համաշխարհային ընդլայնման համար։ Հայաստանում ստեղծված կրթական ծրագիրն արդեն հասանելի է Եվրոպայում և Միջին Արևելքում: Այժմ Թումո կենտրոններ են գործում Փարիզում, Բեռլինում, Տիրանայում, Մանհայմում, Կոիմբրայում, Լիոնում, Լվովում, Մարսելում, Բեյրութում և Լիսաբոնում` արտացոլելով աշխարհի պատանիների համար կյանք փոխող կրթական փորձառություն ստեղծելու առաքելությունը: Ի հավելումն Բուենոս Այրեսի կենտրոնի՝ Թումոն նախատեսում է բացել կենտրոններ Մոնտեվիդեոյում, Լոս Անջելեսում, Ամստերդամում, Լուանդայում, Քութայիսում, Տակասակիում և Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Հիրշայդը, Լյուդենշեյդը, Սաարբրյուկենը, Ֆրանկֆուրտը և Քյոլնը:
«Ամեն օր չէ, որ Թումոյի հիմնաքար ենք դնում նոր մայրցամաքում կամ մոլորակի մյուս կիսագնդում: Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, և ես ուրախ եմ, որ մենք այս ամենն անում ենք հուսալի գործընկերոջ` Բուենոս Այրեսի ղեկավարության և մեր հիմնադիրներ Սեմ ու Սիլվա Սիմոնյանների հետ` իմանալով, որ սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է այս քաղաքում, Արգենտինայում և ամբողջ Հարավային Ամերիկայում», - նշեց Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
|