Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ խոսվում է ծախսային մասից, դա ըստ էության ծրագրերն են, որոնք, այո, շեշտակի ավելացել են և շատ լավ է, այն իմաստով, որ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին այսօր քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ  Հայկ Միրզոյանը:

«Մենք խոստացել ենք բակային տարածքների վերականգնում կատարել, 200 բակային տարածք բարեկարգվել է միայն այս տարվա ընթացքում, կամ խոստացել էինք կանաչապատումն ավելացնել, ավելացնում ենք և բավականին մեծ ծրագրեր կան Դալմայի այգու շրջանում և այլ հատվածներում: Խոստացել էինք տրանսպորտային համակարգը բարելավել, և այս հանրային տրանսպորտի բարելավման ծրագիրը, որին դուք կողմ չքվեարկեցիք, բայց մենք ունեցանք այդ քաղաքական կամքը  և գնացինք այս նախագծի իրականացմանը և ըստ էության բարեփոխեցինք»,- ասաց նա:

 Ավագանու անդամը համեմատեց գազելներն ու ներկայիս տրանսպորտի միջոցները և նշեց, որ դրանք անհամեմատելի են, և երևանցիներն արժանի են երթևեկելու ամենալավ   տրանսպորտով:

«Հանրային տրանսպորտից իրապես կարիք ունեցող, շատ օգտվող անձանց համար տրանսպորտի գինը նույնիսկ էժանանում է՝ օրինակ 4 անգամ օգտվելու դեպքում դառնում է 73 դրամ: Օրինակ, ուսանողները կարող են օրվա ընթացքում 5-6 անգամ երթևեկեն, այդ դեպքում կարող է դառնալ 40-50 դրամ»,- ասաց նա:

Հայկ Միրզոյանը իր խոսքի վերջում նշեց, որ կան խմբեր, որոնց համար պետք է այլ սակագին սահմանվի և ամենաբարձր խումբը թոշակառուներն են. «Հաշվարկել ենք այնպես, որ սակագինը թոշակառուների համար չբարձրանա, ընդգրկվել են նաև դպրոցականները, ուսանողները, և կողմ չքվեարկել այս նոր սակագներին՝ դրա բացատրությունը չունեմ»:  

320