Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ վերջին ինը տարում Վրաստանի մայրաքաղաքում գրանցված ավտոմեքենաների թիվը կրկնապատկվել է, և ճանապարհների ընդլայնումը կամ նոր տրանսպորտային հանգույցների կառուցումն այլևս չեն կարող լուծել խցանումների խնդիրը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կալաձեն ընդունել է, որ քաղաքի բնակիչների դժգոհությունը հիմնավոր է, սակայն ընդգծել է, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է զարգացնել հասարակական տրանսպորտը և հրաժարվել անձնական ավտոմեքենայով տեղաշարժվելու հարմարավետության առաջնահերթությունից։

Քաղաքապետի ներկայացրած տվյալներով՝ եթե 2017 թվականին Թբիլիսիում գրանցված էր շուրջ 474 հազար տրանսպորտային միջոց, ապա 2026 թվականի երկրորդ եռամսյակում դրանց թիվը հասել է 948 հազարի։

Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թբիլիսին երկրի գլխավոր տնտեսական կենտրոնն է, ուր ամեն օր աշխատանքի, ուսման և գործնական նպատակներով են ժամանում հազարավոր մարդիկ մարզերից։ Մեքենաների զգալի մասն օգտագործվում է նաև տաքսի ծառայությունների և առևտրային փոխադրումների համար։

Կալաձեն նշել է, որ քաղաքային փողոցների տարածքը սահմանափակ է, իսկ պատմական կենտրոնի կառուցապատումն ու բարդ ռելիեֆը թույլ չեն տալիս անվերջ ընդլայնել ճանապարհները՝ քանդելով շենքերն ու ոչնչացնելով կանաչ տարածքները։

Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների համար ավելի շատ տարածք հատկացնելը խցանումների երկարաժամկետ լուծում չէ։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Հերոսների հրապարակի տրանսպորտային հանգույցը, որի էստակադաներն անգամ չեն կարողանում սպասարկել ավտոմեքենաների մեծ հոսքը։

Քաղաքապետը հայտնել է, որ իշխանությունների առաջնահերթությունը հասարակական տրանսպորտի զարգացումն է։ Նրա խոսքով՝ քաղաքային ավտոբուսների պարկն արդեն ամբողջությամբ թարմացվել է․ ներկայումս երթուղիներում գործում է 1059 ավտոբուս և 1000 միկրոավտոբուս։ Քաղաքապետարանը նաև բանակցում է լրացուցիչ 200 տրանսպորտային միջոց ձեռք բերելու շուրջ։

Բացի այդ, նախատեսվում է մետրոյի 111 նոր վագոն ձեռք բերել Չինաստանից, իսկ սեպտեմբերին քաղաքապետարանը թուրքական EmreRay ընկերության հետ 287,6 միլիոն լարիի պայմանագիր է կնքել Դիդի Դիղոմիից մինչև Դիդուբե մետրոյի կայարան նոր տրամվայի գծի կառուցման համար։ Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2030 թվականը։

Կալաձեն ընդգծել է, որ նպատակն այն է, որ քաղաքացիներն անձնական մեքենաների փոխարեն հասարակական տրանսպորտն ընտրեն դրա հարմարավետության և արագության պատճառով, այլ ոչ թե սահմանափակումների հետևանքով։

Նշենք, որ նախորդ շաբաթ Կալաձեն չէր բացառել նաև խցանումների դեմ ավելի կոշտ միջոցների կիրառումը, այդ թվում՝ Թբիլիսիի որոշ հատվածներ վճարովի մուտքի սահմանումը կամ զույգ և կենտ համարանիշներով մեքենաների երթևեկության հերթափոխային սահմանափակումը։ Այս անգամ, սակայն, նա կոնկրետ սահմանափակումների մասին չի խոսել։

170