Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումներն արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանն ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը: Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

1lurer.am

540