2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով տրամադրում է €80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։ 

 

Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝  դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին  բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ:

 

Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:

 

2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել  Գյումրիում, որը  Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին  կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և  քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն–տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն:

633