Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք երբ փորձում ենք գնահատել, օրինակ, էներգետիկ ռեսուրսի բացակայություն կամ ապրանքի բացակայություն եւ երբ այդ հարցը քննարկում ենք անջատ՝ թվում է ինչ-որ կառավարելի իրավիճակ է, բայց երբ հարցը քննարկում ենք իր տրանսպորտի, իր պահեստավորման և պահուստավորման ենթակառուցվածքների վիճակով՝ լրիվ այլ պատկեր ենք ստանում։ Այս մասին «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» թեմայով քննարկման ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը օրինակ բերեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, չնայած ցորենի գինը մատչելի էր, բայց այն Հայաստան հասցնելու մասով լոգիստիկ խնդիրներ կան, քան թե ապրանքային։
«Շատ հաճախ այդ խնդիրները ի հայտ են գալիս էներգառեսուրսների հետ. շատ դեպքերում միջազգային շուկաներում կա էներգետիկ ապրանքի մի գին, բայց հետո տեսնում ենք, որ այդ ռիսկերը հաշվի առնելով՝ լոգիստիկ ծախսերը ոչ միայն թանկացնում են, բայց կան դեպքեր, երբ ուղղակի անհնար է մատակարարումը»,- ասաց նա։
Գրիգորյանը շեշտեց՝ եթե մենք փորձենք գնահատել գազամատակարարման ենթակառուցվածքը տարածաշրջանում՝ պետք է հաշվի առնենք, որ կայուն եւ էներգետիկ ռիսկեր կառավարելիս մենք պետք է հաշվի առնենք, որ խնդիրը ոչ ապրանքի գնի կամ լինելիության մեջ է, այլ նաեւ ապրանքի մատակարարման հնարավորությունների, որոնք շատ դեպքերում ֆիզիկապես սահմանափակ են։ «Եվ այդ իմաստով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գերկարեւոր նշանակություն ունի այդ ռիսկերը չեզոքացնելու եւ շատ ավելի ադեկվատ ապրանքային, տնտեսական եւ ավելի կայուն առեւտրային հարաբերություններ ձեւավորելու համար»,- հավելեց նա։
Խոսելով ԵԱՏՄ և ԵՄ շուկաներից, Գրիգորյանն ասաց. «Մենք մեզ չպետք է թեզերով սահմանափակենք, պետք է ադեկվատ լինենք ու հասկանանք, որ մենք պետք է շատ ավելի շատ ներսում մտածենք մեր արտադրանքի եւ ապրանքների մրցունակ լինելու եւ ըստ այդմ արտահանելի լինելու մասին»։