Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանի «Էթնոս» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա տարածաշրջանային ու միջազգային նշանակության մասին, որում նշվում է, որ Հայաստանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու տնտեսական զարգացմանը՝ կապելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքները։
Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կապող օղակի դիրքը զգալի ներուժ է բացում։
«Խաղաղության խաչմերուկի» միջոցով նախատեսվում է զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ ներառելով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր։ Հոդվածի համաձայն՝ նախաձեռնության հիմնական նպատակներից է նպաստել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը՝ տնտեսական, քաղաքական և մշակութային ամուր կապերի միջոցով։
Հոդվածում շեշտադրումներ կան այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը պահանջում է բաց սահմաններ և ենթակառուցվածքների զարգացում։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսը ևս աջակցություն է հայտնել այս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում։
Հրապարակված հոդվածում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից, ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան և կարող է Հարավային Կովկասը վերածել միջազգային առևտրի և համագործակցության առանցքի։
Հոդվածում նաև ընդգծվում է տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանը կապել Սև ծովի և Պարսից ծոցի տարածաշրջանները՝ ընդլայնելով ավտոմոբիլային փոխադրումների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման հնարավորությունները։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարևոր ներդրում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։