Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ:

Նշված համաձայնությունն իրագործելու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:  

Միաժամանակ, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման արգելմանն առնչվող միջազգային պայմանագրերի կարգավորումներին համահունչ՝ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հիշատակված հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետևանքները կենսագործելու ուղղությամբ:

1lurer.am

30 Նոյեմբեր, 2020 17:03
166