Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր, Կառավարության հերթական նիստում ընդունվեց՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետների երկարաձգումը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:
Նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ թոշակառուներն իրենց առևտրի 11 մլրդ դրամը արել են անկանխիկ եղանակով. «Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր հաջողված որոշումներից մեկն է և թվերը դա են ցույց տալիս: Ընդհանրապես, եթե որևէ բարեփոխում ուզում ենք գնահատել, պետք է թիվը նայենք: Հիմա 77 հազար թոշակառուների թիվը ցույց է տալիս բարեփոխման հաջողությունը: Այս թեմայի հետ կապված մենք նախկիում էլ ասել ենք՝ դե ֆակտո թոշակները ավելացնում ենք, ընդ որում մենք թոշակներն ավելացնում ենք այս տրամաբանության մեջ: Ամեն ամիս, ամեն տարի, ամեն օր մենք թոշակներն ավելացնում ենք և մեր այս խոսույթին քննադատում են, թե մենք թոշակառուներին ինչ-որ ձևով պայմանի իրադրության մեջ ենք դնում, թոշակառուներին շահագործում ենք, որպեսզի նրանց թոշակները արդյունքում բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար»:
Վարչապետն ասաց, որ պետության բարեկեցության, կայացման համար ամեն մեկը մի ջանք պետք է գործադրի և ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն. «Հետագայում թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս պետք է ոչ թե ասենք բազային թոշակը բարձրացնում ենք 5000 դրամով, այլ ասենք անկանխիկ առևտրից հետո հետվճարը բարձրացնում ենք 12-ից 15, 15-ից 17, 17-ից 20 տոկոս և կարծում եմ, որ մի անազնիվ բան չկա սրա մեջ: Հիմա պարզվում է մեր երկրում անկանխիկ առևտրի ծավալը արդեն գերազանցել է կանխիկ առևտրի ծավալին: Սա տնտեսական հեղափոխության բաղադրիչներից մեկն է, որովհետև տնտեսությունը առաջին հերթին տնտեսական վարքագիծ է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակը ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»: