Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս։ Այս մասին Կառավարության ղեկավարն ասաց անդրադառնալով որոշման փոփոխմանը, որով կթվայնացվի զինապարտ քաղաքացիների, նախազորակոչիկների և պահեստազորայինների առողջական վիճակի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։

«Այս որոշման իմաստը հետեւյալն է. այն հետազոտությունները, որոնք հասկանալիորեն արվում են՝ արխիվացվեն, պահեստավորվեն, որպեսզի եթե Աստված չանի 17 տարեկանում հիվանդություն ի հայտ գա, որի կանխարգելումը ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու, թե այդ ոնց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել՝ մեկ էլ 18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջովին չեն գիտակցում. «Հանրության մի մասը գիտի, որ ապօրինի կերպով ազատվել է բանակից։ Իր մերձավոր շրջապատում գիտեն, իր ընկերները գիտեն, որոնց մի մասը ծառայել են, մի մասը չեն ծառայել իր նման։ Սա որոշակի հոգեբանական արգելքներ է ձեւավորում։ Ուզում եմ մի հետեւության մասին խոսել՝ ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկները ավելի մրցունակ են դառնում, քան տղաները», - ասաց նա։

Ըստ վարչապետի՝ խնդիրը կապված է զորակոչային տարիքի դեֆորմացիաների հետ. «Մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երեւույթը խայտառակություն է»,- ասաց նա։

592