Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը. Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:
Ըստ այդմ, 2024-ին ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Հիշեցնենք, որ 2024-ի 6 ամիսների եւ 9 ամիսների տվյալներով եւս ցանկը գլխավորել է այս ընկերությունը: Մասնավորապես, առաջին 6 ամիսներին կոմբինատը վճարել է 64 մլրդ դրամի հարկ, իսկ 9 ամիսներին՝ 83 մլրդ 668 մլն դրամի հարկ:
Նշենք, որ ԶՊՄԿ-ն զգալիորեն գերազանցել է 2023թ․ ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,88 մլրդ դրամ դրամ)։ Այս ընկերությունը 2021-ից սկսած մշտապես գլխավորել է խոշոր հարկ վճարողների ցանկը:
Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է, որը վճարել է 66 մլրդ 739 մլն դրամի հարկ: Նա պահպանել է իր դիրքը 2-րդ հորիզոնականում:
Երրորդ տեղում Գրանդ տոբակոն» է՝ 63 մլրդ 55 մլն դրամի հարկերով: Չորրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել:
Առաջին հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» ընկերությունը (Վեստա), որը վճարել է 36 մլրդ 293 մլն դրամի հարկ։
6-րդ տեղում «Սի փի էս էներջի գրուպ» ընկերությունն է, որը վճարել է 58,8 մլրդ դրմի հարկ: Երրորդ եռամսյակի տվյալներով այս ընկերությունը 7-րդ հորիզոնականում էր՝ զիջելով «Ամերիաբանկին»:
«Ամերիաբանկը» 2024-ին 7-րդ հորիզոնականում է՝ 58,7 մլրդ դրամի հարկերով:
8-րդ տեղը զբաղեցրել է «Վայլդբերիզը». Այս ընկերությունը 2024-ին վճարել է 53,2 մլրդ դրամի հարկ:
9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են«Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» և «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան» («Japan Tobacco Inc.»), համապատասխանաբար, 51 մլրդ դրամի և 50,3 մլրդ դրամի հարկերով:
Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 10 ընկերությունները միասին վճարել են ավելի քան 406 մլրդ 670 մլն դրամ։
Նշենք, որ 2024-ին երրորդ եռամսյակի տվյալներով լավագույն տասնյակում էին «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն եւ «Վիվա Արմենիա»-ն, նրանք տարեկան տվյալներով դուրս են մղվել առաջին 10-յակից: