Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ԵԿԱԿ-ը հիմնադրվել է 1955 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն ԵԿԱԿ-ին անդամակցել է 1996 թվականից: ԵԿԱԿ-ի հիմնական նպատակն է ապահովել 44 անդամ երկրների օդային տրանսպորտի կայուն զարգացումը:
Փաստաթուղթը ստորագրվել է ԵԿԱԿ-ի 38 անդամ պետությունների ավիացիոն պատահարների քննություն իրականացնող մարմինների կողմից, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից չէր ստորագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժին նախկինում չի եղել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը ստեղծվել է ՀՀ Կառավարության 28.12.2023 թ. N 1325-Լ որոշման հիման վրա։