Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ.

 2024թ.՝ 2023թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել մոտ 59000, իսկ ընթացիկ տարում՝ 4451 ֆիզիկական անձ։ 2024թ. սոցիալական կրեդիտներ ստանալու հնարավորությունից օգտվել են 3732 քաղաքացի և ստացել 340 մլն դրամ, իսկ 2025թ.՝ 825 քաղաքացի, որոնց վերադարձվել է մոտ 79 մլն դրամ։

 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ վարձու աշխատողների եկամուտները մեծամասամբ ինքնաշխատ եղանակով են լրացվում, եթե չունեն կողմնակի եկամուտներ, որոնք հարկվող կամ չհարկվող են. «Բացի այդ, ինքաշխատ կերպով լրացվում են նաև այն վերադարձները, որոնք եկամտային հարկից են տրվում. հիփոթեքային վարկի, ուսման վարձի, շահաբաժինների գծով եկամտային հարկի վերադարձը։ Առաջիկայում ավտոմատ կերպով լրացվելու են նաև տաքսիների հարկման համակարգով ստացված եկամուտները, կուտակային հատկացումները, որոնք պետությունը կատարում է ի լրումն անձի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ԿԲ-ից ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ ավանդներ, վարկեր, փոխառություններ, ապահովագրական հատուցումներ և այլ եկամուտներ։ Բացի այդ, նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության առանձին գործիքներով քաղաքացիներին տրվող գումարները, ինչպես նաև «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։ Սրանք առաջիկա ծրագրեր են և ներդրվելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ավտոմատ կերպով լրացվելու է և նրանցից պահանջվելու է միայն մուտք գործել, ստուգել և հաստատել»։

Եկամուտների համընդհանուր հայտարարագման համակարգը լավ է նաև վարձակալությամբ տրվող բնակարանների գծով վճարները հայտարարագրելու տեսանկյունից:

Ըստ վիճակագրության՝ 2024թ. մինչև 60 մլն դրամ վարձավճար ստացողներից 5530 անձ հայտարարագիր է ներկայացրել, իսկ 60 մլն դրամից ավելին՝ 97 անձ, որը վերաբերում է ինքնուրույն հարկ վճարողներին (անձն ինքն է վարձակալության տվել և ինքն է հայտարարագրում)։

Աշխատանք է տարվել նաև փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման իրական շահառուների հետ, չնայած շատերը քննադատաբար են մոտենում այն բանին, որ տվյալ մարդիկ հայտարարագիր չեն ներկայացնի, այդ թվում՝ այս տարի: Սակայն 2024թ. արդեն 24,477 իրական շահառու հայտարարագիր է ներկայացրել, իհարկե, 23,000-ն էլ չեն ներկայացրել, որոնց հետ աշխատանքները շարունակվում են։

215