

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազագույնին հասցնելուն, ինչպես նաև ճանապարհների առավելագույն թողունակությունը ապահովելուն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումների՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայի քննարկման ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«2024 թվականին մենք ունեցել ենք 4314 զոհերով կամ վիրավորներով պատահար, 333 զոհ և ունեցել ենք 6116 վիրավոր։ 2023 թվականի համեմատությամբ՝ 2024 թվին ունենք պակաս 299 պատահար, ունենք պակաս 45 զոհ, և ունենք պակաս 421 վիրավոր։ Այսինքն՝ 2023 թվականի համեմատ 2024 թվականին ունեցել ենք 45 զոհ, 421 վիրավոր պակաս, ասեմ ավելին՝ 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ ունենք 6 զոհ պակաս։ Միայն 2025 թվականի հունվար, փոտրվար, մարտ ամիսներին ունենք 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահր, արդյունքում 60 զոհ և 1391 վիրավոր։»,- ասաց նա։
Արմեն Խաչատրյանը թվելով վիճակագրությունը նշեց «Վիճակագրությունը փաստում է, որ պետական քաղաքականությունը այս ոլորտում էական արդյունք է ապահովել, ես կասեի, որ 45 զոհ տարբերությունը առնվազն վերջին տասնամյակի համար աննախադեպ վիճակագրություն է, փրկվել է 45 մարդու կյանք։ Թեև այսօրվա միջոցառման նպատակը այս ոլորտում կառավարության իրականացրած քաղաքականությունը գովաբանելը չէ, այդուհանդերձ արդյունքները բարձր գնահատականի են արժանի»։
Խաչատրյանը նաև անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին, նշելով, որ տարբեր պետական կառույցներ չեն գործում միմյանց հետ, օրինակ՝ ՏԿԵ նախարարությունն ու ՆԳՆ նախարարությունը առանձին են ծավալում իրենց գործունեությունը։