
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիների որոշ քանակ, այնուամենայնիվ, շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց, այնուամենայնիվ, կա»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, մարդիկ այդպես են վարվում տարբեր դրդապատճառներով. «Մարդ կա, իրապես համարում է, որ տրանսպորտի թանկացումն արդարացված չէ, և ինքն իրավունք ունի բոյկոտելու։ Մարդ կա, որ ուղղակի առիթից օգտվում է, և սա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին»։ Ըստ նրա, այդ պատճառով տեղի են ունենում տարբեր միջադեպեր, երբ վարորդների նյարդերը տեղի են տալիս. «Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել ավտոբուսի վարորդներին։ Դա էլ նույնպես հասկանալի է։ Չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- ասել է նա։
Քաղաքապետն անդրադարձել է միջադեպերից մեկին, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող քաղաքացին տեղյակ չի եղել, որ ինքն անվճար է երթևեկում։ Այս առումով նա կարևորել է իրազեկվածությունը։
«Ինչ վերաբերում է բոլոր այն անձանց, որ այս կամ այն պատրվակով արդարացում են գտնում, որ տրանսպորտի համար չվճարեն։ Ուզում եմ այդ մարդիկ գիտակցեն, որ 850.000 մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, ոչ միայն Երևանում բնակվողների, այլև՝ ՀՀ 850.000 քաղաքացու համար Երևանի ավագանին սահմանել է արտոնություն։ Եւ սա սահմանվել է ըստ սոցիալական խնդիրների, ըստ տարբեր չափորոշիչների։ Եւ ամեն անգամ, երբ որևէ մեկը մի փոքր ավելի է վճարում, պետք է իմանա՝ վճարում է 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները, երեխաները և այրին տրանսպորտից օգտվեն անվճար»,- ասել է նա։
Նա նաև շեշտել է. «Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել ու անտեսել վճարման պահանջը, բայց ուզում եմ բոլորը գիտակցեն՝ չվճարելով ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի ոլորտում քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման առումով, և անկեղծ ասած՝ դա որևէ արդարացում չունի»։
Ըստ նրա, երբ դեռ բոլորը չգիտեին՝ ինչի մասին է խոսքը, ինչ փոփոխություններ են արվում, դա արդարացված էր, հիմա, սակայն, իրավիճակը փոխվել է։
Մանրամասները՝ տեսանյութում