
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Պապիկյանը, պարեկ Մնացական Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Հարություն Մանուկյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Shamshyan.com