
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր և Լորենցո Ֆոնտանայի ստորագրած՝ համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսևորումներից է նաև իր գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ:
Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին Իտալիայում՝ Լորենցո Ֆոնտանան ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների և խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր:
Վերջինս Ալեն Սիմոնյանին ներկայացրել է երեկ Իտալիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները` նպաստելով տարածաշրջանում հարատև ու կայուն խաղաղության հաստատմանը:
Ալեն Սիմոնյանը Լորենցո Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: