
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմի շրջանակներում:
Նման ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա Հայաստանին հնարավորինս համակարգված կերպով ապահովել աշխատանքները միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես, վավերացված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ստացված հանձնարարականների իրականացման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ուղղությամբ:
Այցի ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել նաև Դանիայի ԱԳՆ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վարչության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի և Դանիայի փորձը: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային առաջնահերթությունները, մարդու իրավունքների ամրապնդման նպատակով երկրում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հայ-դանիական երկկողմ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակի շուրջ:
Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է շարունակել համագործակցությունը ազգային մեխանիզմի ամրապնդման և մարդու իրավունքների ոլորտում լավագույն փորձի փոխանակման շուրջ: