Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է այն մասին, որ իրավական առավել խիստ և ստանդարտացված կարգավորումներ են մշակվել  պարգևատրական զենքերի մասով. ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն:

«Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։

Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը՝ ստանդարտի բերելով առկա կարգավորումները։

Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերին։

Նախագիծն ունի հետևյալ նպատակները․

  • պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը ստանդարտիզացնել՝ բացառելով երկակի մոտեցումների կիրառումը, վերացնել պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները.
  • ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ.
  • Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։

Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է.

  • պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։

Պարգևատրական զենքերը թողնել այն անձանց մոտ, որոնք կբավարարեն նախատեսված չափանիշներին:

Պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում ՀՀ Վարչապետի կողմից պարգևատրումը:

Ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային (թանգարանային ցուցադրության) նպատակներով։

Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է։

Նախագիծը հանրային քննարկման համար հասանելի է հետևյալ հղմամբ:

512