Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայանա 8 ըմբիշով, մեր ընտրանին ներկայացուցիչներ չի ունենա 92 կգ և 97 կգ քաշային կարգերում․

Արսեն Հարությունյան (57 կգ),

Ռազմիկ Պապիկյան (61 կգ),

Վազգեն Թևանյան (65 կգ),

Արման Անդրեասյան (70 կգ),

Հրայր Ալիխանյան (74 կգ),

Արման Ավագյան (79 կգ),

Հովհաննես Մխիթարյան (86 կգ),

Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ մասնակիցների ընտրությունը կատարել են՝ հաշվի առնելով վերջերս կայացած ՀՀ առաջնության արդյունքները (https://escs.am/am/news/7478): Հ․ Կուրղինյանը վստահեցում է՝ ըմբիշների տրամադրվածությունը մարտական է, մարզավիճակը՝ գոհացուցիչ․

«Հաշվի առնելով, որ տևական ժամանակ մրցաշարերի չենք մասնակցել՝ տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում, բոլորի տրամադրվածությունը մարտական է։ Բավականին ուժեղ կազմ ունենք, մեր երիտասարդ մարզիկներն արդեն պատրաստ են նման խոշոր մրցաշարերի։ Ներկայացուցիչներ չենք ունենա միայն 92 կգ և 97 կգ քաշային կարգերում, քանի որ այս պահին պատրաստ ըմբիշներ չունենք»։

Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով՝ առաջիկայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ Աշխարհի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն է ըմբիշների ուժերը գնահատելու և համապատասխան հետևություններ անելու տեսանկյունից․

🗣«Մեր ընտրանու վերջին մրցաշարը եղել է փետրվարին Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունը։ Մեզ վարկանիշային մրցաշարեր են սպասվում, որոնց նախապատրաստական փուլի համար Աշխարհի գավաթը, կարելի է ասել, մեկնարկային մրցաշար է։ Ուժերը գնահատելու տեսանկյունից սա շատ լավ հնարավորություն է»։

Հաբեթնակ Կուրղինյանը նաև նշել է, որ արդեն կազմել են հաջորդ տարվա օրացուցային ծրագիրը՝ հունվարից ըմբիշները մարզումային և մրցումային հագեցած գրաֆիկ են ունենալու՝ նախապատրաստվելով 2021 թվականի գլխավոր իրադարձությանը՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://escs.am/am/news/7490։

 

 

 

05 Դեկտեմբեր, 2020 11:10
128