Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ծրագիրն ուղղված է տնտեսության տարբեր ոլորտների ինովացիոն զարգացմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային և եվրոպական ստանդարտներին համահունչ ազգային ստանդարտների ստեղծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի հիմնական նպատակներն են․ ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական չափորոշիչներին,արտադրանքի որակի և անվտանգության բարձրացում, արտահանման խթանում և տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, էներգաարդյունավետության, սննդամթերքի և այլ ոլորտների կարգավորման աջակցություն։

Պետական աջակցությունը կազմում է 13 միլիոն 558 հազար դրամ, որը ներառված է 2025 թվականի պետական բյուջեում։

Ֆինանսավորումը տրամադրվում է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում։

Ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվում է բարելավել անվտանգության և որակի վերահսկման ստանդարտները, շինարարության ոլորտում կբարձրացվի սեյսմապաշտպան համակարգերի արդյունավետությունը և կառույցների տեխնիկական պահանջները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կձևավորվեն տեղեկատվական անվտանգության նոր ստանդարտներ, զբոսաշրջության ոլորտում կսահմանվեն ծառայությունների որակի նոր չափորոշիչներ, սննդի արդյունաբերության ոլորտում կմշակվեն որակի վերահսկման նոր պահանջներ, երկրատարածական տվյալների ոլորտում կվերանայվեն հողերի և ջրային ռեսուրսների կառավարման ստանդարտները։

Ծրագիրը կմեծացնի Հայաստանի մասնակցությունը միջազգային ստանդարտացման գործընթացներին, ինչն իր հերթին կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը։

96