

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարությունը հաստատեց Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող՝ շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագիրը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց. «Այս հարցը մեկ օրինակն է նաև նրա, որ մենք որոշակի փոփոխություններ ենք անում մեր մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում: Վերջին շրջանում բավականին ակտիվ հանդիպումներ ենք ունեցել և հանգել ենք այս որոշմանը: 2025 թվականի հունվարի մեկից փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկի համակարգում: Նպատակը եղել է շրջանառության հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով կատարված ձեռքբերումները և այլ ծախսերը պատշաճ փաստաթղթավորելու տնտեսական շարժառիթներ ձևավորելը, հետևաբար նաև ստվերային շրջանառությունները կրճատելը:
Հարկման նոր կանոնների պայմաններում ժամանակավոր բնույթ ունեցող խնդիրն այն է, որ առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող՝ շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված զգալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, քանի որ, մի կողմից, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը առանց փաստաթղթերի ձեռքբերումներ կատարելու համար պատասխանատվություն նախատեսված չի եղել, մյուս կողմից՝ առանց փաստաթղթավորման գործունեություն իրականացնելու պարագայում առավելագույն հարկային բեռը կազմել է ընդամենը 5 տոկոս ներկայիս 10 տոկոսի փոխարեն, կա՛մ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով՝ ներկայիս 9.5 տոկոսի չափով նվազեցման հնարավորության փոխարեն: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը, մեր գնահատմամբ, ընդգրկելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակները, Կառավարությունն աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, և շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդը հարկի լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան: Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով Կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները և այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաև կարող է լինել հարկային բեռի նվազեցում»:
Նախարարը ներկայացրեց ծրագրից օգտվելու նախապայմանները: «Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները՝ 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:
Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է հետևյալ չափերով. «Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ»,- ասաց ֆինանսների նախարարը:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք և հարկը ավելացնենք ստվերի գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք: Շրջանառության հարկի հետ սա է տեղի ունեցել: Նվազեցման հնարավորությունը. եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է՝ դառնալով 1 տոկոս: Շրջանառության 1 տոկոսի մասին է խոսքը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: