
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գորիսի պետական քոլեջը և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ։
Նման նախագիծ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությունը։
Հիմնավորման մեջ նշված է, որ Գորիսի պետական քոլեջի շենքը տնօրինության կողմից հնարավորինս պահպանվել է և իրականացվել է մասամբ վերանորոգում, սակայն ունի ամբողջական վերանորոգման կարիք, շենքում առկա չէ ջեռուցման համակարգ, շենքի մի մասում ապրում են բնակիչներ:
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որում նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Վերանորոգումից հետո Գորիսի բազմագործառութային պետական քոլեջը իր ուսումնական գործընթացը կիրականացնի՝ համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ պահանջվող նորմատիվներին պայմաններին համապատասխան:
Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:
Նշվում է, որ միավորման արդյունքում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանեվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ: