
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, կնպաստի սահմանամերձ մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև միջնաժամկետում կապահովի պետական բյուջեի էական մուտքեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100 տոկոս 5 000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5 % տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես սեփականություն:
Ըստ նախարարության գնահատականների՝ ծրագրի իրականացումը դրականորեն կանդրադառնա տեղական շուկայի զարգացման ու զբաղվածության մակարդակի վրա: Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ, ինչն էլ կնպաստի մակրոտնտեսական առավել կայուն և դինամիկ զարգացող միջավայր ձևավորելուն՝ ինչպես ուղղակիորեն պետական և համայնքային բյուջեներ տուրքերի, հարկերի, տեղական վճարների միջոցով մուտքերի ապահովման միջոցով, այնպես էլ իր շղթայական դրական ազդեցությունը կունենա պահանջարկի առաջացման միջոցով այլ տնտեսավարողների գործունեության վրա (մատակարարներ, լոգիստիկա և այլն): Մասնավորապես, ընկերության կողմից որդեգրված համայնքների կայուն զարգացման քաղաքականության շրջանակում հանքի շահագործումը կբարձրացնի տեղական համայնքների բնակչության կյանքի մակարդակը և կխթանի ազդակիր համայնքներում տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացումը:
Ընկերության հավաստմամբ, ծրագրի շրջանակում շինարարությունն ու շահագործումն իրականացվելու է բնապահպանական, սոցիալական և կառավարման, ինչպես նաև առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ինչն իր ազդեցությունը կունենա հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վրա ևս: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: Բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված ռիսկերը քննարկելու նպատակով «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ (BDO) իրականցրել է ընկերության ֆինանսական կենսունակության գնահատման ուսումնասիրություն: Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:
Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման Կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք: Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը: