Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն այս քառօրյայում չի ընդգրկվի: Այդ մասին որոշվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: 

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատեց. «Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում նախագիծն ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստին դիտարկելու համար:

Այս քառօրյային «ԱԺ կանոնակարգ» օրենքով մենք այլևս տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծն ընդգրկել, քանի որ պիտի դա անեինք մինչև ժամը 12:00-ը: Ես նախատեսում էի, որ 2 ժամը մեզ կհերիքի, բայց չհերիքեց»:

Հիշեցնենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով: Նախաձեռնությունը հավաքել էր 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն, ապա հաստատվել էր Կառավարության կողմից, և ներկայացվել խորհրդարանի քննարկման: Այն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի շրջանակում:

221