Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

 

Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում՝ նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները և նշել, որ մեր երկիրը բավարար ջանքեր է գործադրում համաժողովը հավուր պատշաճի հյուրընկալելու և աշխարհին լավագույնս ներկայանալու ուղղությամբ։

 

Տիկին Շոմեյքերն իր հերթին նշել է, որ այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության ուղղությամբ արվող քայլերը ներկայացնելու համար։

 

Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալը, կողմերն ամփոփել են Հռոմում կայացած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի թիրախների վերանայման և թարմացման հարցը, Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ընթացքում քարտուղարության հետ համագործակցության ուղիները և ձևաչափերը, առաջիկա միջոցառումները և դրանց ժամանակացույցերը։

 

Աստրիդ Շոմեյքերը վերահաստատել է քարտուղարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանի Հանրապետությանը կազմակերպչական աշխատանքների ընթացքում։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման գործընթացին։ Նախարարը նշել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, նպաստել ընդհանուր նպատակների իրականացմանը և համատեղ ջանքերով գտնել լուծումներ առկա հարցերի վերաբերյալ:

113