
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։
Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, ինչի հիման վրա պետությունը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ այդ թվում՝ 14 անտառտնտեսությունների համար անտառային կառավարման պլանների ընդունումը, անտառապատման և վերականգնման ընթացակարգերի արդիականացումը, ինչպես նաև կայուն անտառային կառավարման նոր չափանիշների և ցուցիչների հաստատումը։
Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Արամ Մեյմարյանը առանձնակի կարևորել է Էկոպարեկայինծառայության ստեղծումը, որը կոչված է ապահովելու շուրջօրյա բնապահպանական վերահսկողություն ողջ հանրապետության տարածքում՝ 24 / 7 ռեժիմով արձագանքելով իրավախախտումներին և կանխելով դրանք։ Ծառայությունն ուղղված է կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանմանը՝ հատկապես արգելոցային և անտառային տարածքներում։
Բացի այդ, նախարարի տեղակալը նշել է, որ ընթացքի մեջ է նաև մի շարք կարևոր օրենքների՝ այդ թվում՝ «Կլիմայի մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքների, ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի արդիականացումը՝ անտառների և կենսաբազմազանության պաշտպանության իրավական դաշտի ամրապնդման նպատակով։
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալմանը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է առաջիկա տարիներին հանդես գալ որպես ակտիվ և օրինակելի մասնակից՝ ներգրավվելով գլոբալ բնապահպանական օրակարգի իրականացման մեջ։
Ելույթի ավարտին Արամ Մեյմարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանել անտառներն ու կենսաբազմազանությունը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։