
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ցավոք սրտի, չեմ կարող կիսել Ձեր այն միտքը, որ մեր պայքարն արդյունք է տվել: Շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի դիտարկմանը, թե բուքմեյքերական ընկերությունները պնդում են՝ վերջին շրջանում խաղացողների քանակը նվազում է։
Սարգսյանը նշեց, որ իր նշած թվերը ենթադրյալ թվեր չեն, «սա ՊԵԿ-ի տված թվերն են, որ ծավալն աճել է 440 անգամ: Ինձ էլ են ընկերություններն ասել, որ մեր խաղացողների թիվը նվազել է: Բայց մեր խաղացողների թվի նվազումը չեմ կարողանում հասկանալ, երբ ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիների ընթացքում: 2018 թվականին, երբ մենք համարում էինք, որ սա աղետ է, և ունեինք օրենքի նախագծեր, որոնք գալիս էին սահմանափակումներ մտցնելու, 2018 թվականից հետո 20 անգամ աճել են ծավալները, այսինքն՝ 2019 թվականին, երբ վերլուծում էինք 2018-ի թվերը, և Ազգային ժողովի՝ այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ սա աղետ է, և աղետի դեմ պետք է պայքարել, մենք, ցավոք սրտի, չկարողացանք պայքարել աղետի դեմ, և աղետը 20 անգամ աճեց: Այս իմաստով մենք պետք է և՛ հարկերը բարձրացնենք, և՛ սահմանափակումներն ավելացնենք, և՛ հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր շահումով խաղերը ՀՀ-ում ամբողջությամբ արգելենք»,- ասաց Հայկ Սարգսյանը: