
Հայաստանը տիեզերք հասնելու ուղիները քննարկելու միջավայր կդառնա «Սթարմուս» 6-րդ աշխարհահռչակ փառատոնին:
«Սթարմուսն» առաջին անգամ տեղի կունենա մեր երկրում: Գիտական, մշակութային, երաժշտական փառատոնը Հայաստանում կանցկացվի 2021-ին, կմիավորի աշխարհում հայտնի գիտնականների ու արվեստագետների: Արդեն հայտնի է, որ համաշխարհային դեմքերից Հայաստան կգա նաև «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը:
Երկար տարիներ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ուսումնասիրել, ձայնագրել է, իսկ աստղային հնչյունները գործիքավորել է Բրայան Մեյը: Աստղային հնչյունների, նաև 2024-ին Լուսին հասնող տիեզերագնացների, Մարսում միկրոբներ փնտրելու գնացող NASA-ի ռոբոտի մասին Հայաստանում կխոսեն հաջորդ տարի սեպտեմբերի 6-11-ը աշխարհը տիեզերքին կապող ամենահայտնի փառատոնին՝ «Սթարմուսին»:
Գարիկ Իսրայելյան (Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն) - Մեծ գիտնականների ներգրավմամբ` փոքր լաբորատորիաներ կլինեն, որտեղ ռոբոտիկա են սովորեցնում երեխաներին:
Մարդկության ապագայի ուսումնասիրությունների մասին աշխարհի գիտական էլիտան կխոսի Հայաստանում: Մեր երկիրն էլ տիեզերական արդյունաբերությամբ զբաղվողներին կառաջարկի լիցենզիա ունենալ՝ ստանալով հարկային արտոնություններ:
Հակոբ Արշակյան (ԲՏԱ նախարար) - Հիմա կանոնակարգերը մենք մշակում ենք... միևնույն առաջնահերթություններով ինչ համաշխարհային տնտեսությունը:
Այսպես մոտ 100 հազար հոգի կլսի, կտեսնի ու կմասնակցի աստղերի փառատոնին: Քաղաքային ծրագրում նաև Երևանում կլինեն տարբեր բեմեր ու ցույց կտան, ինչպես է արվեստը հանդիպում գիտությանը:
2021-ին՝ «Մարսի տարում», Նոբելյան մրցանակիրների քննարկումներով ու դասախոսություններով հայկական «Սթարմուսի» մյուս մանրամասները կլինեն արդեն հոկտեմբերին: