Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 2-ին հաղորդել ենք այն մասին, որ Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 6-ին իրենց էր զանգահարել տուժող,  28-ամյա Ա․ Ա․-ն, որը ցանկացավ ներկայացնել դեպքից որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ դեպքը չի եղել խանդի հողի վրա, այլ որ իր ամուսնու հետ բռնկված բոլոր վեճերը միշտ ունեցել են նման վերջաբան, ուղղակի այս անգամ գործը հասել է ոստիկանություն, քանի որ ամուսինը հրկիզել է իրեն, սպառնացել է, որ երեխաներին կվերցնի իրենից, կվնասի իր հարազատներին և ոչ միայն։

«Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է այնպես, որ այդ ամենը խանդի հողի վրա է եղել։ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք ու սա առաջին դեպքը չի եղել։ Նա միշտ էլ իր համար ստեղծում էր տարբեր պատճառաբանություններ՝ վեճ սկսելու համար ու սա էլ հերթականն էր։ Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան արթնացանք ու սկսվեց վիճաբանություն, որը հետո ավելի թեժացավ և նա ինձ տարավ նկուղ։ Ես այդ ընթացքում մտածում էի, որ տանում է այնտեղ հաշտվելու, զրուցելու համար, բայց փաստորեն դա այդպես չէր։ Իջանք նկուղ, ինձ ստիպեց նստեմ աթոռին, կապեց, որից հետո սկսեց ծեծի ենթարկել, սղոցը մոտեցրեց պարանոցիս, սպառնաց, որ ինձ կմորթի, կվնասի իմ եղբորը, հարազատներիս, երեխաներիս կխլի։

Հետո վերցրեց ներկով լի տարան լցրեց իմ վրա ու կրակայրիչով այրեց։ Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկ չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, այլապես կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասեցի անգամ իմ ծնողներին, հարազատներին։

Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասեցի, իրականում ինչ է եղել ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա նոր եկել իմ հետևից։ Այժմ նա կալանավորված է ու ես միչև վերջ գնալու եմ, որ արժանի պատիժ ստանա ու օրենքի առջև պատասխան տա ինձ և իմ երեխաներին պատճառված հոգեբանական ու ֆիզիկական մեծ ցավի համար»,- պատմեց կինը:

202