Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս տարվա հունվարին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի (BNU) նախագահ Յու Ցզիհոնգը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Համագործակցության իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները համալսարանն արդեն ավարտել է, և ուրախ ենք հայտնել, որ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ 10 հայ ուսանող կարող է բարձրագույն կրթություն ստանալ Չինաստանի առաջատար հետազոտական համալսարաններից մեկում։
«Այսպիսով` սկսում է 2027–2028 ուսումնական տարում Պեկինի Նորմալ համալսարանում սովորել ցանկացող թեկնածուների հավաքագրման փուլը: Ի՞նչ ծրագրերի կարելի է դիմել։
- Բակալավրիատ և Մագիստրատուրա՝ 6 թեկնածու
- Դոկտորական կրթական ծրագրեր՝ 2 թեկնածու
- Կարճաժամկետ ուսումնական և վերապատրաստման ծրագրեր՝ 2 թեկնածու
Ի՞նչ աջակցություն է նախատեսվում
«Իմ քայլը» հիմնադրամը հոգալու է ընտրված և արդեն համալսարան ընդունված մասնակիցների ճանապարհածախսն ու այլ լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, աջակցելու է նրանց ընդունելության հայտը լրացնելու հարցում: Իսկ ուսման ֆինանսավորման համար թեկնածուները պետք է ինքնուրույն դիմեն համալսարանի կրթաթոշակին։ Կրթաթոշակ ստացողներին կընտրի Պեկինի Նորմալ համալսարանը՝ իր չափանիշներին և քաղաքականությանը համապատասխան։ Համալսարանը նաև կաջակցի մասնակիցներին ուսանողական կացարանի հետ կապված հարցերում։
*Կրթաթոշակների և կացության պայմանները կախված են ընտրված ծրագրից, կրթաթոշակի տեսակից և համալսարանի սահմանած պահանջներից։ Հիմնադրամի կողմից ընտրվելը ինքնին չի երաշխավորում համալսարանի ընդունելությունը կամ կրթաթոշակի տրամադրումը․ դրանց վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում են համալսարանի համապատասխան բաժինները:
2027 թվականին հասանելի ծրագրերին, դրանց տևողությանը, ուսուցման լեզվին և մասնակցության պահանջներին անհրաժեշտ է ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքում։
Ո՞վ կարող է դիմել
Դիմել կարող են ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկանում են 2027–2028 ուսումնական տարում Չինաստանում սկսել իրենց բարձրագույն ուսումը կամ մասնակցել կարճաժամկետ կրթական ծրագրերի և համապատասխանում են իրենց ընտրած ծրագրի՝ համալսարանի սահմանած պահանջներին։
Մինչ հիմնադրամին դիմելը անհրաժեշտ է՝
- Ուսումնասիրել Պեկինի Նորմալ համալսարանի միջազգային ուսանողների ընդունելության պաշտոնական կայքը։
- Ընտրել այն կոնկրետ կրթական ծրագիրը կամ մասնագիտությունը, որին ցանկանում եք դիմել։
- Ծանոթանալ ընտրված ծրագրի ընդունելության պահանջներին, ուսուցման լեզվին, անհրաժեշտ փաստաթղթերին և դիմելու ժամկետներին (բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը 2027թ մարտի 10-ն է, իսկ կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2027թ հունվարի 25-ը) ։
- Լրացնել հիմնադրամի հայտը՝ նշելով ձեր ընտրած ծրագիրը։
Հիմնադրամը կուսումնասիրի ստացված հայտերը և թեկնածուների հետ կկազմակերպի հանդիպում՝ յուրաքանչյուր մասնակցի կրթական նպատակներին, ընտրած ծրագրին և ակնկալիքներին անհատապես ծանոթանալու և ընդունելության հայտի լրացմանն աջակցելու համար։
Հայտերի ուսումնասիրությունից և հիմնադրամում նախնական հանդիպումից հետո թեկնածուները կանցնեն համալսարանի և համապատասխան կրթաթոշակային ծրագրերի հայտադրման ու ընդունելության ընթացակարգերը, որոնցից 10 մասնակցի, համալսարանն` իր ընդունելության չափանիշներին համապատասխան, հնարավորություն կտա սովորելու Պեկինի Նորմալ համալսարանում։
Հիմնադրամին դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թվականի դեկտեմբերի 17։
Հիմնադրամին դիմելու համար լրացրե՛ք հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/bnKBdJyLc5bvSyh37 »,- ասվում է հաղորդագրության մեջ։