Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլենդեյլի ոստիկանությունը ձերբակալել է հինգ հայի՝ փոստային առաքանիների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործով։

Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գլենդեյլի ոստիկանության վարչությունը՝ նշելով, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք մուտք են գործում բազմաբնակարան շենքի բնակիչների փոստարկղեր և այնտեղից վերցնում նամակներն ու այլ առաքանիները։ Դեպքը տեղի է ունեցել West Colorado Street-ի 500-րդ թաղամասում։

Քննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները, օգտագործելով այլ անձանց նույնականացնող տվյալները, նրանց անուններով խարդախությամբ վարկային քարտեր են ձևակերպել, որոնք այնուհետև ուղարկվել են նույն բնակելի համալիրի հասցեներով։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ փոստարկղերի փականները փոփոխվել և փոխարինվել են կեղծ փականներով՝ դրանց չարտոնված մուտք ապահովելու համար։

Օգոստոսի 13-ին ոստիկանությունը բնակելի համալիրում մի շարք խուզարկություններ է իրականացրել և ձերբակալել Գլենդեյլի հինգ բնակչի՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանին, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանին, 35-ամյա Վահան Քալաշյանին, 26-ամյա Արմեն Հարությունյանին և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանին։

Նրանք կասկածվում են խարդախության, անձնական տվյալների յուրացման և գողության հետ կապված հանցագործությունների համար:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են այլ անձանց պատկանող մեծ քանակությամբ անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, բազմաթիվ վարկային քարտեր, կանխիկ գումար և ոսկի։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ ոստիկանությունը փորձում է պարզել հնարավոր լրացուցիչ տուժածների շրջանակը։ Գործը նախատեսվում է ներկայացնել Լոս Անջելեսի շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու համար։

84