
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 26-ին «Իմ քայլը» հիմնադրամի կողմից «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» ծրագրի շահառուների մի խումբ Արարատի և Կոտայքի մարզերից ստացել են նվերներ՝ իրենց նախընտրած մասնագիտացմանը համապատասխան։
Այս մասին հայտնում են հիմնադրամից:
«Վերջին ամիսների ընթացքում ծրագրի շահառուները մասնակցել են դասընթացների, վերապատրաստումների, մասնագիտացել ՏՏ ոլորտում, ծրագրավորում, վեբ դիզայն, գրաֆիկ դիզայն և այլ մասնագիտական ուղղություններում` ըստ իրենց ցանկության։ Նրանցից շատերն արդեն պատրաստվում են առաջին մասնագիտական քայլերը կատարել։
Նրանց ինտեգրումը աշխատաշուկա ավելի դյուրին դարձնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը շահառուներին տրամադրեց նոր նոթբուքեր, որոնք կօգնեն զարգացնել ձեռք բերած հմտությունները գործնականում։ Իսկ շահառուներից մեկը, ով երազում է խոհարար դառնալ, ստացավ խոհանոցային դանակների և գործիքների հավաքածու:
Հանդիպման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն տիկին Թալին Թօփալաքեանը ՀՀ վարչապետի տիկին և հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից շնորհավորեց տղաներին՝ նշելով.
«Կարծես երեկ էր, որ սկսում էինք այս ուղին ձեզ հետ, իսկ այսօր արդեն մի մեծ ճանապարհ ունենք միասին անցած: Իմացե՛ք, որ ձեր հաջողությունը մեր հաջողությունն է, և հիմնադրամն իր հնարավորությունների շրջանակում մշտապես ձեր կողքին է»
Առաջիկայում՝ ծրագրի շահառուները կստանան բիզնես կառավարման դասընթացների, ինչպես նաև տարբեր վերապատրաստումների իրենց հավաստագրերը:
Հիշեցնենք, որ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի 3-րդ փուլն իրականացվում էր Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Կարող ենք արձանագրել, որ ծրագիրը հերթական անգամ մոտենում է իր ավարտին: Հիմնադրամը շուտով կսկսի ծրագրի վերջին փուլը՝ բիզնես պլանների ֆինանսավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: