
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով:
Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։
Պաշտպանը մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության հարցը, ինչն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների բարձրացրած խնդրի հետ:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը՝ նախատեսելով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին: