
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՊՀ-իվ հայտնել են, որ կյանքի 75-րդ տարում մահացել է Շիրակի պետական համալսարանի երկարամյա դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարապետ Եղոյանը։
Կ․ Եղոյանը 1974 թվականից աշխատել է ՇՊՀ-ում (նախկին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտ): Մեծ է եղել Կ. Եղոյանի մասնագիտական ներդրումը երաժշտական կրթության կազմակերպման և իրականացման գործում ինչպես բուհական համակարգում, այնպես էլ հանրակրթության ոլորտում:
1972-ին, ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի երաժշտության բաժինը, նա աշխատանքի է անցել Արթիկի շրջանի Փանիկ գյուղում՝ որպես երաժշտության ուսուցիչ ու մեթոդիստ:
Աշխատանքային գործունեության ընթացքում դասավանդել է նաև թիվ 5 և թիվ 15 միջնակարգ դպրոցներում, մանկավարժական ուսումնարանում:
1990-ական թվականներին աշխատել է Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախմբում, մշակույթի բաժնի կամերային, «Գոհար», ինչպես նաև Սուրբ Յոթվերք եկեղեցու երգչախմբերում:
Կյանքի վերջին տարիներին Կ. Եղոյանը դասավանդում էր նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում:
Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթն իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Կ․ Եղոյանի ընտանիքին ու հարազատներին։
Կարապետ Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 13-ին, ժամը 17։00-ին, «Վան» սգո սրահում, հուղարկավորությունը՝ մարտի 14-ին, ժամը 14։00-ին, նույն վայրից։