Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշել է թողնել այդ պաշտոնը։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքն արդեն որպես հանձնաժողովի անդամ։ Հաշվի առնելով, որ այդ պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է վերապահված, խմբակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,-նշեց Թորոսյանը։

 

Նորանշանակ տեղակալ Հռիփսիմե Հունանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։

 

«Չորս տարի մենք շատ լավ աշխատել ենք բարենպաստ պայմաններում։ Ես երկար տարիներ աշխատել եմ առողջապահության բնագավառում, ոլորտին քաջատեղյակ եմ և պատրաստ եմ շարունակել հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։

 

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին Հունանյանի թեկնածությանը, և նա պաշտոնապես նշանակվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։

606